Մի անգամ անբան Ջովանինոն որոշեց Հռոմ գնալ, որ թագավորի քթին ձեռք տա։ Բարեկամները համոզում են նրան․
-Տես, վտանգավոր է: Թագավորը կարող է բարկանալ, և դու ինքդ կարող ես սեփական քթից զրկվել, կարող է գլխից էլ զրկվես:
Բայց Ջովանինոն համառ մարդ էր: Ճամփա ընկնելուց առաջ նա որոշեց փորձել, ձեռք տալ հոգևորականի, քաղաքապետի և ոստիկանապետի քթերին: Նա դա շատ ճարպկորեն և զգույշ արեց, որ նրանք ոչ մի բան չնկատեցին:
_Դա դժվար բան չէ, -որոշեց Ջովանինոն և ճամփա ընկավ: Եկավ հարևան քաղաք, իմացավ՝ որտեղ են ապրում քաղաքապետն ու դատավորը, այցելեց նրանց, դիպավ բոլորի քթերին՝ որին մի մատով, որին՝ երկու: Այդ լուրջ մարդկանց դա այնքան էլ դուր չեկավ: Բոլորը մտածում էին, որ Ջովանինոն դաստիարակաված մարդ է և կարող է ամեն ինչի մասին զրուցել: Քաղաքապետը մտքում ինքն իրեն բարկացավ, բայց համենայնդեպս հարցրեց.
-Դուք ինչո՞ւ ձեռք տվեցիք իմ քթին:
-Ի՜նչ եք ասում, պարոն քաղաքապետ,-իբր թե զարմացավ Ջովանինոն: -Ձեզ երևի թվացել է: Գուցե ճանճ կամ մոծակ է եղել:
Քաղաքապետը շուրջը նայեց, ոչ ճանճ տեսավ, ոչ մոծակ: Բայց Ջովանինոն հասցրել էր հեռանալ, դեռ դուռն էլ հետևից ծածկել էր: Ջովանինոն մի տետր էր պահում: Նա գրում էր բոլոր այն քթերի մասին, որոնց ինքը ձեռք էր տվել: Դրանք բոլորը շատ կարևոր քթեր են:
Հռոմում քթերի թիվն այնքան արագ էր ավելանում, որ Ջովանինոն ստիպված էր ավելի հաստ տետր գնել: Եթե անցնես Հռոմի փողոցներով, հաստատ կհանդիպես գոնե մի զույգ Ձերդ գերազանցության, մի քանի նախկին նախարարների, տասնյակ գեներալների: Էլ չեմ խոսում տարբեր նախագահների, Հռոմում նրանք աղքատներից շատ են:
Եվ այդ բոլոր պաշտոնավոր քթերը Ջովանինոյի ձեռքի տակ էին: Երբ նա ձեռք էր տալիս դրանց, մարդիկ դա պատիվ էին համարում: Մի պաշտոնյա նույնիսկ իր հպատակներին պատվիրեց այդ սովորույթը օրենք դարձնել:
Այսուհետ և ընդմիշտ ինձ խոնարհվելու փոխարեն քթիս ձեռք կտաք: Դա ավելի ժամակակից և բարեկիրթ է:
Սկզբում ենթակաները վախվխելով էին ձեռք տալիս իրենց ղեկավարների քթերին: Իսկ ղեկավարները ոգևորում էին, ժպտում նրանց: Եվ սկսվե՜ց… Բոլորը ձեռք էին տալիս, ճմկտում էին, քաշում էին իրենց ղեկավարների քթերը:
Ջովանինոն իհարկե չէր մոռանում, թե ինչի համար է Հռոմ եկել. Նա պիտի թագավորի քթին ձեռք տար և հարմար առիթի էր սպասում: Եվ եղավ այդպիսի առիթ: Դա թագավորի զբոսանքի օրն էր: Ջովանինոն նկատեց, որ ժամանակա առ ժամանակ ժողովրդի մեջից մեկը դուրս էր վազում, թռչում էր թագավորական կառքի ոտնակին և թագավորին ծրար էր տալիս՝ ինչ-որ խնդրանքով: Թագավորը այն ժպտալով տալիս էր իր առաջին նախարարին:
Երբ կառքը մոտեցավ Ջովանինոյին, նա թռավ կառքի ոտնակի վրա: Թագավորը բարեհամբույր ժպտում էր նրան:
_Ձեր թույլտվությամբ,- ասաց Ջովանինոն և ցուցամատով կպա թագավորի քթի ծայրին:
Թագավորը նույն պահին ձեռքը զարմացած տարավ քթին, ուզում էր մի բան ասել, բայց Ջովանինոն արդեն թռել է ոտնակից և թաքնվել մարդկանց մեջ: Բոլորը սկսեցին ծափահարել, բոլորը հիացած ուզում էին նույն բանն անել: մեկը մյուսի ետեևից թռչում էր կառքի ոտնակին, բռնում էր թագավորի քիթը և մի ուժեղ քաշում:
_Մի՛ անհանգստացեք, Ձերդ պայծառափայլություն: Դա հարգանքի նոր ձև է,- թագավորի ականջին շշնջաց առաջին նախարարը:
Բայց թագավորի ծիծաղը բոլորովին չէր գալիս, որովհետև քիթը ուռել էր, հիվանդացել, հարբուխ էր սկսվել: Նա չէր հասցնում քիթը մաքրել: Նրա հավատարիմ ծառաները նրան հանգիստ չէին թողնում, ծիծաղելով շարունակում էին նրա քիթը քաշել:
Մի խոսքով՝ թագավորն հիմա մի բան էր երազում՝ միայն թե քիթը չպոկվի:
Իսկ Ջովանինոն, ինքն իրենից գոհ, վերադարձավ իրենց գյուղ: